arrow left

Երաժշտության տոնը Գորիսում

calendar 16.06.2024
news inner

Հունիսի 21-ին երաժշտությունն ամենուր է և հասանելի բոլորին։ 1982թ․-ից ի վեր, Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ տարվա ամենաերկար օրը՝ ամառային արևադարձին, նշվում է Երաժշտության տոնը։ Նպատակն է տոնել երաժշտությունը, դրա բազմազանությունը՝  հանրությանը մատուցելով անվճար, բացօթյա համերգներ։


Իր քառասնամյա պատմության ընթացքում տոնը հատեց ազգային սահմաններն ու վերածվեց հիրավի միջազգային տոնախմբության։ 5 մայրցամաք, 120 երկիր․ 1000-ից ավելի քաղաք․  անցկացվում են կենդանի հնչողությամբ համերգներ ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական երաժիշտների մասնակցությամբ։


Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն / Ֆրանսիական ինստիտուտը 17-րդ տարին անընդմեջ հրավիրում Է ֆրանսիական մշակութային օրակարգի այս կարևոր միջոցառումը նշելու։ Այս անգամ Գորիսում՝ Գրիգոր Տաթևացու հրապարակում, ժամը 19:00-ից սկսած կենդանի կատարումներով հանդես կգան հայկական նոր բեմի երկու առաջատար խումբ՝ Dialog Music Project-ը և Հող Արթունը։


Dialog Music Project-ի հիմնադիրը շեփորահար Տիգրան Սուչյանն է։ Խմբի երաժշտությունը կտանի երաժշտական ​​մի ճամփորդության, որտեղ ջազը, հիփ-հոփը և քաղաքային ֆոլկլորը հանդիպում են՝ ստեղծելու շարժումներով, ռիթմով և գույներով հարուստ երաժշտություն:


Այնուհետև կընկղմվեք Հողի և Արթուր Ալեքի կողմից ստեղծված նորարար դուետի՝ Հող Արթունի գրավիչ աշխարհում: 2021 թ․-ից նրանք միաձուլում են ավանդական և էլեկտրոնային երաժշտությունը՝ նոր թարմություն և խորություն հաղորդելով հայ երաժշտարվեստին։


Համերգի մուտքն ազատ է։